Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը վերաբրենդավորվել է և ընդլայնել սահմանները։ Այսուհետև, բացի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպվող հանդիպումներից՝ դպրոցականների համար տարբեր արտիստների ու խմբերի մասնակցությամբ համերգներ կկազմակերպվեն նաև Հայաստանի մարզերում։ Բացի այդ, ծրագիրն ունի բոլորովին նոր տարբերանշան, որով ներկայանում է դպրոցական ունկնդրի դատին։
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը երաժշտական հանդիպումների շարք է, որի ընթացքում երեխաներին ներկայացվում է դասական, ազգային և ժամանակակից երաժշտություն։
Նախագիծը միջոցառումների շարք է (դաս-համերգներ, հանդիպումներ, բանախոսություններ, վարպետության դասեր)՝ նախատեսված դպրոցահասակ երեխաների և պատանիների համար։ Երաժշտական տարբեր ծրագրեր ունկնդրելուց բացի, մասնակիցները հնարավորություն են ունենում շփվելու արվեստագետների հետ և ինտերակտիվ քննարկման շնորհիվ նոր ու հետաքրքիր գիտելիքներ ձեռք բերելու։
Ծրագրի նպատակն է դաս-համերգների միջոցով դպրոցահասակներին ծանոթացնել անվանի արվեստագետների կյանքին ու նրանց թողած ժառանգությանը, երաժշտական խմբերի միջոցով ծանոթացնել գործիքների առանձնահատկություններին, ինչպես նաև մասնակից դարձնել ստեղծագործական աշխատանքին։