Գերմանիայի «Կանաչների» խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Տրիտինը կոչ է արել Եվրոպային աջակցել Լեռնային Ղարաբաղի փախստականներին և միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու Հայաստանի դեմ ագրեսիայի շարունակությունը:
«Պետք է դադարեցնել գազային պայմանագրերը և կրկնապատկել ԵՄ առաքելությունը։ Մենք չպետք է երես թեքենք Լեռնային Ղարաբաղի 100.000 փախստականներից, այլապես Ադրբեջանը կշարունակի իր գործը Հայաստանում։
Գերմանիան պետք է այստեղ առաջատար լինի, և մենք ապացուցել ենք, որ դա հնարավոր է։ Այժմ անհրաժեշտ է նաև կրկնապատկել ԵՄ առաքելությունը՝ իրավիճակը տեղում վերահսկելու համար։ Մարդու իրավունքները քննարկման ենթակա չեն: Եվ ես մտավախություն ունեմ, որ Ադրբեջանը կանգ չի առնի, եթե Եվրոպան, հատկապես հիմա, չհասկանա, որ դրա համար պետք է բարձր գին վճարի։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կույր քաղաքականությունը միայն ոգևորել է Ադրբեջանի նախագահ Ալիևին։ Դա մեծ սխալ էր: Ցավալի է, որ կան ԵՄ երկրներ, օրինակ՝ Իտալիան և Հունգարիան, որոնք արգելափակում են ավելի կոշտ միջոցները, ինչպիսիք են Ադրբեջանի մեղավորների դեմ պատժամիջոցները»,- հայտարարել է Տրիտինը։