ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով:
Նախագահին ուղղված ուղերձում ասված է.
«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 74-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը և քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը՝ հիմնված փոխըմբռնման և փոխվստահության բարձր արժեքների վրա։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական հարաբերությունները զարգացնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։
Պետական խորհրդի նախագահին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 74-րդ տարեդարձի կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ձևավորված միջպետական երկկողմ հարաբերությունները և քաղաքական ակտիվ երկխոսությունը վկայությունն են հայ և չին ժողովուրդների միջև դարերի խորքից բխող անսասան բարեկամության և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված համագործակցության։
Համոզված եմ, որ հայ-չինական հարաբերությունները հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել և զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ճանապարհ հարթելով համատեղ նոր նախաձեռնությունների և ծրագրերի կյանքի կոչման համար։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։