ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր մարդու հաշվով Կառավարությունը 40 հազարական դրամ աջակցություն կցուցաբերի, որպեսզի վերջիններս հոգան իրենց բնակության ծախսերը: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ, Կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող աջակցության ծրագրերը:
«Այստեղ, իհարկե, մեկ բացառություն կլինի, դա կվերաբերի այն մարդկանց, որոնք Հայաստանում ունեն բնակարաններ: Սա շատ տրամաբանական է, որովհետև մենք այս օգնությունը նախատեսում ենք հատկապես այն մարդկանց համար, որոնք բնակվելու տեղ չունեն»,- ասաց Խաչատրյանը:
«Դա նշանակում է, որ օրինակ՝ տեղահանվածների 4 հոգանոց ընտանիքը կունենա բնակարանի ծախսերը հոգալու համար 160 հազար դրամ, որը, մեր գնահատականով, բավարար գումար է Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում բնակության խնդիրը պատշաճ լուծելու համար: Կառավարությունը նաև որոշում կկայացնի, որ յուրաքանչյուր մարդու հաշվով տրվի նաև 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերը հոգալու համար»,- պարզաբանեց Խաչատրյանը՝ ընդգծելով՝ հաշվի է առնվել նաև, որ առջևում ձմեռ է:
Նա նաև տեղեկացրեց՝ աջակցությունը տրվելու է առաջիկա 6 ամիսների համար, սակայն դա չի նշանակում, որ 6 ամիս անց չենք ունենա աջակցության այլ ծրագրեր:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար մեկնարկում է բնակության ծախսերի աջակցության ծրագիր: