Այս շաբաթն ամենածանրերից էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ 2024-ի հունվարի մեկից. այդպիսին էր ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի՝ հինգշաբթի օրվա հրամանագիրը:
ԼՂ գրեթե բոլոր բնակիչները, սակայն, արդեն իսկ հեռացել են ծննդավայրից ու իրենց տներից ադրբեջանական էթնիկ զտումների հետևանքով:
ԼՂ-ն դատարկվեց մեկ շաբաթում: Մեր հայրենակիցներն այժմ պաշտպանության և օգնության ակնկալիքով Հայաստանի Հանրապետությունում են, սակայն ոչ բոլորը. չորսին Բաքուն ապօրինաբար կալանավորել է ու պատրաստվում է դատել: Հիմա ադրբեջանական բանտերում են Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, դեռ 35 մեր հայրենակից էլ ավելի վաղ շրջանից են գերության մեջ:
ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության մի մասին էլ Ադրբեջանը դեռ փնտրում է, Արայիկ Հարությունյանի ու Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում:
Սեպտեմբրի 19-ի ադրբեջանական հարձակումն ու հայաթափումը քիչ էին, երկուշաբթի օրն էլ Ստեփանակերտում բենզինի պահեստի հզոր պայթյուն որոտաց՝ խլելով բազմաթիվ կյանքեր, կոնկրետ քանի հոգու, դեռ հայտնի չէ՝ մարմինները տեղում մոխրացել էին: Ովքեր կրակից քիչ թե շատ հեռու էին, այժմ Երևանում են, նրանց կյանքի համար բժիշկները պայքարում են: Իսկ 100 հազարից ավելի արցախցի ստիպված է կյանքը նորից սկսել:
Հայաստան ժամանածների վերաբերյալ վերջին տվյալներն ու նրանց աջակցելու ծրագրերը Մուշեղ Իսախանյանն է ներկայացնում: