Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ արդեն Երևանում է՝ «հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված»:
Բեգլարյանը լուսանկար է հրապարակել Եռաբլուրից:
ԼՂ նախկին պետնախարարը խոստացել է անցյալի ու ապագայի վերաբերյալ իր կարծիքն ու մոտեցումները ներկայացնել առաջիկայում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը չորս ամսով կալանավորվել է։ Ադրբեջանի դատախազության տվյալով՝ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 10-ից ավելի հոդվածներով:
Բաբայանի հետ միասին դատարանը կալանավորել է Լեռնային Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին:
Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (խոշտանգում): Մնացականյանը ձերբակալվել էր Լաչինի միջանցքում։