Այս ժամի հասանելի տվյալներով՝ ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 417 անձ: Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139:
Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Բաղդասարյանի խոսքով՝ շարունակվում է նաև տեղաբաշխումը՝ ըստ մարզերի:
«Այս պահի դրությամբ ունենք հետևյալ տվյալը. եթե նախօրեին՝ առավոտյան ժամը 10.00-ի դրությամբ, պետության կեցավայրերից օգտվել էր 20 306 անձ, ապա այսօր այդ թիվը կազմում է 32 200»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:
Այժմ՝ տեղաբաշխումն ըստ մարզերի.
Արագածոտն՝ 1852,
Արարատ՝ 7640,
Արմավիր՝ 3009,
Գեղարքունիք՝ 2862,
Լոռի՝ 1581,
Կոտայք՝ 8289,
Շիրակ՝ 1317,
Սյունիք՝ 2244,
Վայոց ձոր՝ 1700,
Տավուշ՝ 1706:
Ընդհանուր թիվը կազմում է 32 հազար 200:
«Հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ տեղավորվել են և որոշակի ժամանակ անցել է, այսօր զբաղվեն նաև հաշվառման գործընթացով: Հիշեցնեմ, որ հաշվառման կետերը գործում են 24 ժամ և 7 օր շարունակ և շաբաթ-կիրակի օրերին դուք նույնպես կարող եք անցնել հաշվառման գործընթացները բոլոր համայնքային կենտրոններում, խոշորացված համայնքների մասին է խոսքը:
Նշեմ, որ 64 համայնքում գործում են նմանատիպ կենտրոններ, նաև Միասնական սոցիալական ծառայության կենտրոններում նույնպես կարող եք անցնել հաշվառման գործընթաց, որպեսզի հետայսու կարողանաք օգտվել նաև տարբեր սոցիալական ծրագրերից»,- տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը՝ ընդգծելով՝ նախօրեից ՀՀ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղարկել է համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություններ, որոնք ենթադրում են ծանուցման այն համակարգերը, որոնք անհրաժեշտ են սոցիալական տարբեր ծրագրերից օգտվելու համար:
Նրա խոսքով՝ նախօրեին Գորիսից Ստեփանակերտ մեկնած ավտոբուսները կեսգիշերից հետո վերադարձել են:
«Վերջին երկու օրերի ընթացքում շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ և վերադարձել, որի արդյունքում 2900 անձ տեղափոխվել է Գորիսի կամ Վայքի կենտրոններ, հիմնականում ծերեր, մարդիկ, ովքեր միայնակ են և որոշակի սոցիալական ավելի սուր խնդիրներ ունեն, խոցելի խավի ներկայացուցիչներ: Նաև նշեմ, որ Ստեփանակերտում գտնվում է 15 անձ, որոնք հենաշարժողական կամ այլ խնդիրներ ունեն, անկողնային հիվանդներ և այս պահի դրությամբ մեզ փոխանցել են, որ շտապօգնության մեքենաները մեկնել են»,- հավելեց Բաղդասարյանը: