ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, երեխաների և ընտանիքի նախկին նախարար Էդվարդ Թիմփսոնի և «Խնամք երեխաների համար» ՀԿ հիմնադիր նախագահ Ռոբերտ Գլովերի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում ակտիվ է եղել համագործակցությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների հետ:
Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով արդեն շուրջ 90.000 անձ ԼՂ-ից բռնի տեղահանվել է Հայաստան: Սարգիս Խանդանյանն անդրադարձել է տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին:
Կողմերը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվող քաղաքացիների, մասնավորապես, տարեցների և երեխաների սոցիալական կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր: