Ավելի քան 50 հայկական կիբեռտեխնոլոգիական ընկերություններ, կիբեռանվտանգության փորձագետներ և կառավարության ներկայացուցիչներ մասնակցել են «Կիբեռանվտանգությունը բիզնես առաջնորդների համար. ինչպես հաղթահարել կիբեռմարտահրավերները» խորագրով համաժողովին։ Այդ մասին հայտնում են բրիտանական դեսպանությունից:
«Միացյալ Թագավորության (ՄԹ) բիզնեսի և առևտրի նախարարության աջակցությամբ Բրիտանական դեսպանատան և Startup Grind Yerevan-ի կողմից կազմակերպված այս կեսօրյա միջոցառումը եզակի հնարավորություն էր լսելու կիբերանվտանգության բնագավառի առաջատար փորձագետներին և քաղաքականություն մշակողներին, կապ հաստատելու տեղական և արտասահմանյան ճանաչված մասնագետների հետ և ծանոթանալու ոլորտի վերջին զարգացումների և նորագույն տեխնոլոգիաների հետ։
Գործարար կառույցներում կիբեռանվտանգության արդյունավետ ռազմավարության իրականացումը բիզնեսի կայունության հիմնաքարն է: Այնուամենայնիվ, մրցունակ մնալու նպատակով անվտանգության կանոնակարգեր մշակելիս և իրականացնելիս ընկերությունները բախվում են բազմաթիվ մարտահրավերների:
Այսօրվա քննարկումը մասնակիցներին օգնեց ձեռքբերելու հմտություններ և կապեր՝ կիբեռանվտանգության առաջադեմ փորձից օգտվելու համար։ Շեշտը դրվեց անհրաժեշտ գործողությունների վրա և անդրադարձ կատարվեց Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը բացման խոսքում ասաց.
«Բրիտանիան առաջատար է կիբեռանվտանգության ոլորտում իր տեխնիկական նորարարություններով, հմուտ աշխատուժով, արդյունավետ իրավական և կարգավորող միջավայրերով և փորձով, որը ձեռք է բերվել բրիտանիայի տնտեսության բոլոր ոլորտներում ինտերնետ տեխնոլոգիաների զանգվածային կիրառմամբ: Միացյալ Թագավորության կիբեռանվտանգության ռազմավարությունը սահմանում է մեր մոտեցումը՝ ուղղված կիբեռհանցագործությունների դեմ պայքարին և կիբեռհարձակումների նկատմամբ դիմակայունության ապահովմանը: Այս ռազմավարության հիմքում ընկած է գործընկերությունը մասնավոր հատվածի և համագործակցությունը այլ երկրների հետ:
Շատ ուրախ ենք մեր փորձը կիսել մեր հայ գործընկերների հետ։ Միացյալ Թագավորության բիզնեսի և առևտրի նախարարության աջակցությամբ իրականացվող այս համաժողովին ուրախ եմ ողջունել Հայաստանից և արտերկրից, ներառյալ Միացյալ Թագավորությունից, մասնակցող ականավոր մասնագետների։ Հպարտ եմ, որ այս միջոցառումը մեծապես հիմնված է բրիտանական փորձի վրա»:
Ստարտափ Գրայնդ Հայաստանի տնօրեն Նարինե Կոտիկյանը բացման խոսքում ասաց․
«Այս միջոցառումը մանրակրկիտ պլանավորվել ու նախագծվել է այն հիմնարար գաղափարի շուրջ, որ այն պետք է ծառայի ոչ միայն որպես գիտելիքի աղբյուր ինֆորմացիոն անվտանգության գլոբալ պրոցեսների ու զարգացումների շուրջ, այլ որ ավելի կարևոր է` պետք է հանդիսանա հարթակ, որտեղ ոլորտային լուծումներ առաջարկող ընկերությունները, հաճախորդներն ու մասնագետները կկարողանան քննարկել էկոհամակարգի արդիական խնդիրներն ու հնարավորությունները և, ինչու ոչ, սկիզբ կդնեն ապագա կոմերցիոն համագործակցության համար բրիտանական և հայաստանյան կազմակերպությունների միջև»:
ՄԹ կառավարության Գիտության, նորարարության և տեխնոլոգիաների նախարարության ինովացիոն քաղաքականության և կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Բրեդլի Ֆինը ներկայացրեց կիբեռանվտանգության համաշխարհային միտումները և Միացյալ Թագավորության մոտեցումը՝ ուղղված սպառնալիքների նվազեցմանը, գաղտնիության պաշտպանությանն ու թվային նորարարության խթանմանը:
Համաժողովի մասնակիցները մասնակցեցին նաև կիբեռանվտանգության մարտահրավերների և դրանց լուծման վերաբերյալ պանելային քննարկմանը, որին հաջորդեցին քննարկումներ անվտանգության հիմնական չափորոշիչներին համապատասխանեցման և կիբեռտեխնոլոգիական ստարտափների համար ՄԹ-ում առկա հնարավորությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ: