Վայոց ձորի, Սյունիքի մարզերում ԼՂ մեր հայրենակիցների առաջնային կարիքների գնահատմանը զուգահեռ ջանքերն առավել կենտրոնացվել են խոցելի խմբերին ծառայություններ տրամադրելուն: Խոսքը միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին համապատասխան խնամքի հաստատություններում տեղավորելու ուղղությամբ աշխատանքներին է վերաբերում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Այս պահի դրությամբ շուրջ 100 խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներ, որոնց մեջ կան նաև հաշմանդամություն ունեցող անձինք, տեղավորվել են համապատասխան խնամքի կենտրոններում, որոնք գտնվում են ԱՍՀՆ-ի ենթակայության ներքո:
«Ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել մեր խնամքի հաստատություններում, և ունենք որոշակի դեպքեր, որ առանց ուղեկցման երեխաներ ունենք, որոնք այս կամ այն պատճառով առողջապահական մեր գործընկերների վերահսկողության ներքո են, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ ծնողների հետ կապը պահվում է:
Առաջնային կարիքի արձանագրման հարթակում ժամը 14:00-ի դրությամբ ավելի քան 15300 կարիք է արձանագրվել, իսկ սոցիալական աջակցության քարտեզի հարթակում ավելի քան 180 սուբյեկտ, կազմակերպություն են իր առաջարկները ներկայացրել:
114 թեժ գծին ժամը 14:00-ի դրությամբ ավելի քան 8500 զանգ է ստացվել: