Այցիս նպատակն է, որ տեղում հասկանանք` արդյոք կազմակերպման ընթացքում որևէ բաներ կա՞ն լրացնելու, ուղղումներ իրականացնելու: Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հենց առաջին վայրկյանից թե՛ Կոռնիձորում, թե՛ այստեղ կազմակերպվել է առաջին բուժօգնության ծառայություն: Մեր թերապևտները, մանկաբույժները կիրականացնեն առաջնային կոնսուլտացիա: Ցավոք սրտի, բռնի տեղահանված մեր հայրենակիցները գտնվում են նաև բավական ծանր առողջական վիճակում՝ 10 ամիս լինել շրջափակման մեջ, հիմնականում թերսնված, քրոնիկ հիվանդությունների համար դեղորայք չունենալով: Մեզ համար շատ կարևոր է հենց առաջին կետին նրանց առաջնակի բուժօգնություն տրամադրել: Բայց այս կետից հետո մենք գնահատման արդյունքում հասկանում ենք, որ հոսպիտալացման կարիք կա, շտապօգնության մեքենաները տեղափոխում են արդեն հիվանդանոցային բուժօգնության: Ես այսօր առավոտն այցելեցի նաև Գորիսի ԲԿ, այնտեղից էլ առաջնակի հետազոտումներից հետո, եթե կարիք կա, կտեղափոխենք Երևանի ԲԿ-ներ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ անընդհատ հերթափոխով բուժաշխատողները կարողանում են բոլոր կարիք ունեցողներին առաջնակի բուժօգնություն, որոշակի դեղորայք, ցավազրկողներ տրամադրել: «Այստեղ են նաև շաքարային դիաբետով պացիենտներ, որոնք ունեն ինսուլինի կարիք: Մենք հենց այստեղ ինսուլինի բաժանման կետ ունենք և կարիքի դեպքում տրամադրում ենք առաջիկա օրերի համար»,- հայտնեց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը կարևոր է համարում, որ մեր հայրենակիցներն իրենց առաջին բնակեցման տեղում պոլիկլինիկաներ կամ ամբուլատորիաներ դիմեն և այնտեղից շարունակեն իրենց բժշկական ծառայությունները ստանալը՝ թե՛ դեղորայքի, թե՛ ամբուլատոր ծառայություններ և, եթե հանկարծ կարիքը կա՝ արդեն հիվանդանոցային:
Հանրապետության բուժհաստատություններում բուժում ստացողների թիվը փոփոխվում է: «Դրանք 60-70-ից ավելի են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Գորիսի ԲԿ-ում գտնվող երեխաներին, ապա նախարարը նշեց, որ այս պահին հոսք կա: «Մի քանի տասնյակ երեխաներ կան, և որոնք հետազոտվում են, գնահատվում է վիճակը, եթե հոսպիտալացման կարիք կա, հոսպիտալացնեն, եթե ոչ՝ ամբուլատոր բուժումը նշանակում են, դեղորայքը տալիս են, և արդեն նրանք շարունակում են իրենց ընթացքը դեպի կեցավայր: Ունենք նաև մի քանի ծանր վիճակում գտնվող պացիենտներ, ում տեղափոխումը կիրականացնենք Երևանի ավելի մասնագիտացված կենտրոններ: Գորիսի ԲԿ-ի թիմը 24-ժամյա աշխատանք է իրականացնում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Խոսելով դեռևս ԼՂ-ում գտնվող մեր հայրենակիցների մասին՝ նա ասաց. «Այս պահին ավտոբուսների միջոցով կազմակերպվում է մեր այն հայրենակիցների տեղափոխումը, որոնք չունեն տրանսպորտային միջոց կամ խոցելի խմբերից են՝ ծերեր, հաշմանդամներ, և նրանց տեղափոխումն այսօր իրականացնում ենք: Տեղափոխումներն ընթացքի մեջ են: Այս պահին սանավիացիայի անհրաժեշտություն չկա»:
ԼՂ-ում պայթյունից տուժածների առումով նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ 140-ից ավելի պացիենտներ տեղափոխվել էին ԲԿ-ներ միայն այրվածքներով:
«Հիմնական ծանր ընթացքը դեռ շարունակվում է, և մենք ունենք ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ, բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար: Միասնական կերպով մենք ապահովում ենք նրանց հնարավոր բոլոր բուժօգնության համար անհրաժեշտ թե՛ դեղորայքը, թե՛ բժշկական նշանակության ապրանքներ: Բոլորիս միայն մաղթանքն է, որ օր առաջ ապաքինվեն: Գիտեք, որ այրվածքները երկար վերականգնման շրջան են ունենալու: Այդ ամբողջ ընթացքը մենք պլաստիկ վիրաբույժների և այլ անհրաժեշտ մասնագետների օգնությամբ ապահովելու ենք»,- ասաց նա:
«Ցավոք սրտի, նման դեպքեր էլ կան»,- անդրադառնալով ԼՂ-ից ՀՀ ճանապարհին տեղի ունեցած մահվան դեպքերին՝ ասաց Ավանեսյանը: «Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել, և այդ ընթացքում գրանցվել են մահեր՝ ինսուլտից, մեծահասակ մարդկանց մահ: Հիմա գիտեք, որ Կոռնիձոր հասնելու ընթացքը բավականին կրճատվել է և 10 ժամից ավելի չի տևում: Գիտեք՝ բռնի տեղահանումը նաև ունի ցավագին հետևանքներ, որի ականատեսն ենք մենք այսօր. հյուծված, մի քանի ժամվա ընթացքում թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը, առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղեր չունենալով՝ ընկել են ճանապարհ և 40 ժամից ավելի գտնվել են ճանապարհին՝ խցանման մեջ, և նման հետևանքներն այս պարագայում անխուսափելի են»,- նշեց նախարարը:
«Մեր իշխանությունն այս պահին պատասխանատվություն է կրում այս ամբողջը կազմակերպելու՝ մեր բռնի տեղահանված հայրենակիցներին գրկաբաց և հոգատար ընդունելու: Գիտեք՝ Հայաստանն իր համեստ միջոցներով, որպես երկիր, համեմատած այլ եվրոպական երկրների հետ, մի քանի օրվա ընթացքում 80 հազարից ավելի մեր հայրենակիցներին ընդունել է, կերակրել է, բուժսպասարկում և կեցավայրով ապահովել է»,- պատասխանելով իշխող թիմի քաղաքական պատասխանատվության մասին հարցին՝ ասաց Անահիտ Ավանեսյանը: