Կրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը, այդ թվում՝ դրա հումանիտար ասպեկտին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի գոյությունը դադարեցնելու մասին նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից հրամանագրի ստորագրումը:
«Մեր խաղաղապահները շարունակում են աջակցել մարդկանց։ Շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք։ Ցանկացողներին աջակցություն է ցուցաբերվում»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նա անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին. «Հայկական կողմը որոշակի փաստարկներ ուներ հօգուտ այդ կանոնադրության ընդունման անհրաժեշտության, բայց տվյալ դեպքում ես երկկողմ պայմանավորվածություններ կնքելու առաջարկի մանրամասներին չեմ տիրապետում։ Եթե Հայաստանը միջազգային պարտավորություններ է ստանձնում, այստեղ պետք է նայել, թե ինչն է գերակա համարում։ Հայաստանը շատ լավ գիտի, որ մենք ստատուտի մասնակից չենք։ Հայաստանը շատ լավ գիտի նաև, որ այդ կանոնադրության հիման վրա կայացված որոշումը (խմբ.՝ ՄՔԴ-ի կողմից Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր) չենք կարողանում ընկալել»։
Պատասխանելով լրագրողի մասնավորեցնող հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Հայաստանի այդ քայլին, ՌԴ նախագահի խոսնակը նշել է. «Անշուշտ, դա այն չէ, ինչը մենք կարող ենք ողջունել, բայց Հայաստանն ինքնիշխան պետություն է։ Մենք, իհարկե, հույս ունենք, որ նման որոշումները բացասաբար չեն ազդի մեր երկկողմ հարաբերությունների վրա: Այստեղ խոսքը այն կանոնադրության մասին է, որը մենք չենք ընդունել, մենք դրա կողմ չենք, բայց այդ որոշումները մեզ համար խիստ թշնամական են»։