Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար. Երևանը հաշվի չի առել կանոնադրության վերաբերյալ Մոսկվայի առաջարկները։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությանից:
«Ի սկզբանե հայ գործընկերներին տեղեկացվել է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումն այն պայմաններում, որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալման օրդերներ է տվել։
Քննարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր ձեռնտու լինել երկու կողմերին: Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք «Հռոմի ստատուտի վերաբերյալ թունավոր որոշման վրա կնիք չեն դնի»։
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո դժվար կլինի պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցերը ՀՀ: