Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, այցելել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», որտեղ բուժում են ստանում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տուժած անձինք։
Պաշտպանը զրուցել է բժշկական անձնակազմի հետ, ծանոթացել վիրավորների առողջական վիճակին։
Այնուհետև Պաշտպանն այցելել է նաև «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ առանձնազրույցներ է ունեցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված վիրավոր անձանց և նրանց հարազատների հետ։ Անահիտ Մանասյանը բուժանձնակազմի հետ քննարկել է բուժառուների առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի մի շարք հարցեր:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար: Անահիտ Մանասյանը նաև նշել է, որ բուժում ստացող մեր հայրենակիցների իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:
Բժշկական հաստատություններ այցերը շարունակվում են: