Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի Արամի փողոցի 54 հասցեի հուշարձան-շենքի փոփոխման մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Արամի 54 հասցեում գտնվող հուշարձան-շենքը տասնյակ տարիներ լքված լինելու արդյունքում գտնվում է անմխիթար և վթարային վիճակում, արժեքավոր զարդանախշ փայտյա դետալներն ու պատերը մթնոլորտային տեղումների ազդեցությամբ գտնվում են շարունակական քայքայման պայմաններում:
Հուշարձան-շենքի վիճակի վատթարացումը կանխելու, և շահագործումը ապահովելու նպատակով պատվիրվել է նախագիծ, ինչը ներառում է նաև հուշարձան-շենքի փոփոխում՝ ժամանակակից պայմաններին համապատասխան օգտագործման նպատակով, պայմանավորված գոյություն ունեցող նորմերի պահանջներով:
Նախատեսվում է խարխուլ և վթարային վիճակում գտնվող հուշարձան-շենքի ամրակայում, վերականգնում, ժամանակակից պայմաններին համապատասխան օգտագործման հնարավորություն, կցակառույց աղավաղումների ճարտարապետական տեսքի բարելավում, օգտագործելի մակերեսների ավելացում, վերելակի տեղադրում: