ԼՂ-ից բռնի տեղահանված և Հայաստան ժամանած մեր հայրենակիցները բոլորը կունենան տանիք: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում այս հարցին պատասխանելով` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնեց.
«Առաջին խնդիրը, որ մեզ համար ձևակերպել էինք, այն է, որ ԼՂ-ից տեղահանված, ՀՀ ժամանած անձանց մեջ որևէ մեկն անօթևան չլինի, հետևաբար առաջին հարցը, որ ուղղում ենք` արդյոք ունեն կացարան, թեկուզ ժամանակավոր, թե անհրաժեշտ է, որ մենք ուղղորդենք Կառավարության նախապատրաստած կեցավայր»:
Կառավարության կողմից հատկացվող ժամանակավոր կացարաններն, ըստ Խաչատրյանի, տարբեր մարզերում են: Նա տեղեկացրեց` Հայաստան ժամանած մոտավորապես 17 200 մարդու արդեն տեղավորել են, մյուսները, ովքեր նախնական դրությամբ տեղավորվել են, հաճախ հաջորդող օրերին դիմում են աջակցության համար:
«Մարզերում հասանելի հանգստյան տներ, հյուրանոցներ ենք ամրագրել, խնդրել ենք` դրանք ազատ պահվեն այս հոսքը սպասարկելու համար, զուգահեռաբար դիմում ենք քաղաքացիներին, ովքեր ժամանակավորապես պատրաստ են իրենց ազատ տները տրամադրել, բոլոր հնարավոր եղանակներն օգտագործում ենք»,- ասաց նա:
Փոխվարչապետն անդրադարձավ բռնի տեղահանվածների համար նախատեսված միանվագ 100 000 դրամ աջակցությանը:
«Բոլոր մարդկանց դեպքում չէ, որ կարող ենք առաջին իսկ օրերից կարիքները հասկանալ, գնահատել, ամենահրատապ անելիքը բնակատեղիով ապահովելն է, բազմաթիվ մարդիկ ուղղակի շատ դեպքերում տրանսպորտային միջոցներով հասել են, մի մասը հագուստի կարիք ունի, մի մասը այլ կարիքներ, ապահովում ենք սնունդով, այս միանվագ աջակցությունը` անկախ տարիքից, պահանջների առանձնահատկությունից, առաջիկա օրերին կտրամադրվի: Այն մարդկանց, ովքեր այսօր աջակցության կարիքը ունեն, միջնաժամկետում այլ լուծումներ ենք պատկերացնում, ավելի հարմարավետ առաջարկներ կձևավորենք, նրանք ապագայի հանդեպ կունենան իրենց պատկերացումները, հավանաբար դա կլինի աջակցության այնպիսի եղանակ, որ մարդիկ ընտրեն երկարաժամկետ բնակարաններ, այդ թվում` վարձակալությամբ, և այն հարմարեցնեն իրենց բնակատեղիին, որը պետք է լինի իրենց պլաններում»,- ասաց նա:
Խաչատրյանը տեղեկացրեց` հստակ որոշում կա` Երևանն այդ պլանի մեջ չի լինելու` հասկանալի պատճառով:
«Մենք երկար ենք քննարկել, հատկապես վերջին շրջանում Երևանում վարձակալության վճարները շատ բարձր են, եթե որևէ ընտանիքի աջակցության չափը պետք է այստեղ կազմի 300 000 դրամ, մարզերում 5 ընտանիքի կարելի է ապահովել»,- ասաց նա:
ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ ժամանած անձանց ժողովրդագրական տվյալներին անդրադառնալով` Խաչատրյանը նշեց.
«Մենք երկու բան ենք առանձնացնել, նրանք, ովքեր ասել են` աջակցության կարիք ունեն, իրենցից մանրամասն տեղեկություններ ենք վերցրել, նրանք, ովքեր այդ կարիքը չեն ունեցել, աշխատել ենք նրանց տվյալների գրանցման վրա քիչ ժամանակ ծախսել հիմա, առաջիկայում դրանք կլրացվեն: Ժամանողների 2/3-ը` 65 000 տեղահանվածների ժամանակ, երբ մոտ 45 000-ի վերաբերյալ տվյալներ ունեինք, 1/3-ը մինչև 20 տարեկան էին` 32-33 տոկոսը, 15 տոկոսը` 60 անց, մնացած 52-55 տոկոսը 20-60 տարեկան անձինք էին»:
Երեխաների կրթության կազմակերպմանն անդրադառնալով` փոխվարչապետը տեղեկացրեց` այնտեղ, որտեղ բնակվում է ընտանիքը, մոտակա դպրոցը կարող է հանդիսանալ երեխայի դպրոցը:
«Իհարկե, եթե կան բնակավայրեր, որտեղ կա դպրոցների ընտրություն, որոշել ենք ուղղորդել այն դպրոցներ, որտեղ բեռնվածությունն ավելի քիչ է: Դա կառավարելի գործընթաց է: հենց վաղն էլ կարող են գնալ, պարզապես պետք է հաշվառվեն: Եթե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` տվյալ պահին փաստաթղթեր չկան, դա ևս խնդիր չի լինի»,- նշեց նա:
Խաչատրյանը վստահեցրեց` բռնի տեղահանված բոլոր անձանց համար առաջնային բուժօգնության ծառայությունները նույնպես հասանելի կլինեն, որոշ առումներով կլինեն արտոնյալ պայմաններ:
«Շրջափակման պատճառով արդեն քանի ամիս է լիարժեք առողջապահական ծառայություններ չեն մատուցվել: Այս հանգամանքներում կարծում ենք` առաջիկա շաբաթների ընթացքում նման աջակցության կարիք կլինի, նման կարիք ունեցող որևէ մեկը չի մերժվելու»,- ասաց նա:
Փոխվարչապետը խոսեց նաև ԼՂ-ից ՀՀ տեղափոխվել ցանկացողներին տրանսպորտով ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքներից:
«Մենք այսօր Գորիսից Ստեփանակերտ ենք ուղարկել թվով 40 մեծ տարողությամբ ավտոբուսներ, որ պետք է հասնեն Ստեփանակերտ, բերեն այն մարդկանց, որ սեփական տրանսպորտային միջոցներ չեն ունեցել: Ինչու դա չենք արել երեկ. Ստեփանակերտից Կոռնիձոր մոտ 60 կմ է հեռավորությունը, մեքենաները երեկ անցել են 35 ժամում, եթե ավտոբուսներն ուղարկեինք ավելի շուտ, դրան կհայտնվեին նույն հերթում: Սպասել ենք` ճանապարհի խցանումը թեթևանա, որ մարդիկ լրացուցիչ սթրես և հոգնածություն չունենան»: