Սեպտեմբերի 19-21-ը ՉԺՀ Լիանյունգան քաղաքում տեղի ունեցած Հանրային անվտանգության համագործակցության համաշխարհային ֆորումի՝ 2023 թ. համաժողովի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հանդիպում է ունեցել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ «Ինտերպոլ»-ի նախագահ Ահմեդ Նասեր ալ Ռաիսիի հետ։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը բարձր է գնահատել հանցագործությունների բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերման և քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման առումով «Ինտերպոլի» բացառիկ դերը, այդ առումով ՀՀ իրավապահ մարմինների և «Ինտերպոլի» միջև հարաբերությունների արդյունավետությունը։
Քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և «Ինտերպոլ»-ի միջև համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև միջազգային ֆորումին առնչվող մի շարք հարցեր։