Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ:
Ինչպես տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, ողջունելով դեսպանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և ներկայացրել Կոմիտեի նախորդ երկու տարվա գործունեության արդյունքները: Սասուն Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում արձանագրված ցուցանիշներին՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությունը զգալիորեն բարձրացել է, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ մեկ կառույցի կողմից օպերատիվ և քննչական աշխատանքների կազմակերպմամբ ու իրականացմամբ, ինչպես նաև կոռուպցիոն դեպքերի բացահատման գործում պետական մյուս մարմինների հետ ակտիվ համագործակցությամբ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր ուղղություններով Եվրամիության հետ արդեն իսկ առկա համագործակցային կապերի ամրապնդումը: Քննարկվել են այդ համագործակցության շրջանակում առաջիկայում առավել առարկայական ու կոնկրետ քայլերի իրագործման հնարավորությունները:
Դեսպանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ԵՄ-ն պատասխանատվություն է ստանձնել աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում՝ նպաստելով կոռուպցիայի կանխարգելմանն ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը: Ուստի կողմերը համաձայնության են եկել՝ հստակեցնել համատեղ ծրագրերի իրականացման գործնական քայլերը, ինչպես նաև դիտարկել եվրոպական լավագույն փորձի ներդրման միջոցով առավել արդյունավետ համագործակցություն զարգացնելու հեռանկարները: