70 500 բռնի տեղահանված մեր հայրենակիցներից այս պահին 13 922-ը արդեն իսկ հաշվառվել և տեղակայվել է որևէ մարզի համայնքում՝ հյուրանոցներում, հյուրատներում, առանձնատներում: Այդ մասին Հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
ՏԿԵ նախարարը ներկայացրեց նաև ժամը 13:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածների բաշխվածությունը՝ ըստ մարզերի:
Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզում 820 մարդ է տեղակայվել, Արարատում՝ մոտ 2200, Արմավիրում՝ 1049, Գեղարքունիքում՝ 1349, Լոռիում՝ 527, Կոտայքում՝ 3594, Շիրակում՝ 763, Սյունիքում՝ 1918, Վայոց ձորում՝ 1027, Տավուշում՝ 678:
«Մենք հիմա ստեղծել ենք ամբողջ հանրապետության բոլոր բնակավայրերի համար մի մեծ համակարգ, որտեղ օրվա մեջ 3 անգամ մուտքագրում ենք տվյալները, թե որ բնակավայրում քանի բնակիչ ավելացավ, և նաև մուտքագրում ենք, թե որտեղ ավելացավ՝ հյուրանոցներո՞ւմ են, հյուրատներո՞ւմ են, թե՞ հյուրընկալող ընտանիքում, թե՞ վարձով տներում են»,- ասաց նախարարը՝ նշելով, որ տեղակայման պահից սկսած՝ նրանց կարիքները հոգալու են:
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կարևորեց այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները Հայաստանում հաշվառում անցնեն, որպեսզի հետագայում կարողանան օգտվել պետական աջակցության ծրագրերից: Նա նաև հայտարարեց, որ այս պահի դրությամբ մոտ 20 հազար մարդ հաշվառում չի անցել: