ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագիծը (Հռոմի ստատուտ): Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հարցի նախապատմությունը՝ հիշեցնելով, որ Կառավարությունն այս նախագծին հավանություն է տվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին:
«Այդ պահին նախագծին հավանություն տալը պայմանավորված էր 2022 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացրած լայնածավալ ագրեսիայով և ագրեսիայի ընթացքում կատարված մի շարք կոպտագույն պատերազմական հանցագործություններով: Կհիշեք` Սև լճի շրջանում տեղի ունեցած հայ զինծառայողների զազրելի գնդակահարությունը և այլ պատերազմական հանցագործությունները»,- մասնավորապես ասել է Եղիշե Կիրակոսյանը:
Նա հայտնել է, որ Միջազգային քրեական դատարանն իր իրավազորությունն իրականացնում է մի շարք հանցագործությունների համար պատասխանատվություն սահմանելու նպատակով: Այդ հանցագործություններն են` ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ: Կանոնադրությունում կան նաև նոր փոփոխություններ, որոնցից մեկը Կամպալայի փոփոխությունն է, որը կատարվել է 2010 թվականին և որով ավելացվել է ագրեսիայի հանցագործությունը նշված հանցագործությունների շարքին: Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ այս պահին վավերացման է ներկայացվել նախագծի` առանց Կամպալայի փոփոխության տարբերակը: Զեկուցողը հնարավոր է համարել հետագայում Կամպալայի փոփոխության վավերացումը: «Սրանք են հանցագործությունները, որոնք ենթակա են դատարանի իրավազորությանը: Պարզ է, որ հանցագործությունները ծանրագույն հանցագործություններ են` ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, նաև ագրեսիան: Ցավոք, այս նախագծի անհրաժեշտությունը կրկին վերահիմնավորվում է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենում այսօր»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը: Նա պարզաբանել է, որ հարցը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին:
Նախագծի վավերացման գործընթացը Կառավարությունն առաջարկել է իրականացնել երկու մասով: «Կառավարությունն առաջարկել է նախ հետադարձորեն ճանաչել դատարանի իրավազորությունը` սկսած 2021 թվականի մայիսի 10-ից, և դա հիմնվում է կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, որը փաստացի հնարավորություն է տալիս որոշակի հետադարձ ուժ տալ կանոնադրությանը»,- նշել է նա և հավելել, որ 2021 թվականի մայիսի 10-ի ամրագրումը կապված է հայտնի իրադարձությունների հետ, երբ 2021 թվականի մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք սկսեցին ներխուժել ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները: «Բացի հետադարձորեն ճանաչելուց, նաև վավերացում է առաջարկվում: Վավերացումը, կարծում ենք, Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալիս ամբողջությամբ անդամակցել դատարանին»,- ասել է նա` ընդգծելով վավերացման կարևորությունը: Եղիշե Կիրակոսյանը շեշտել է, որ նախագծի հիմնական թիրախն Ադրբեջանի կողմից կատարվող հանցագործությունների պատասխանատվության համար նոր, լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմ գործարկելն է, ինչպես նաև լրացուցիչ, կանխարգելիչ մեխանիզմ ունենալը:
Նշվել է, որ Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվել է` արդյո՞ք ԼՂ հայերի բռնի տեղահանման գործընթացը Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո է: Հարցին ի պատասխան` հիմնական զեկուցողն ասել է, որ խոսքը կանոնադադրությամբ նախատեսված հանցագործության մասին, որը, այո', տեղավորվում է դատարանի իրավասությունների ներքո:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը էլ նշել է, որ մեր երկիրը համաձայնագիրը վավերացնում է այն տեսքով, որով ընդունվել է դիվանագիտական կոնֆերանսում` առանց Կամպալայի փոփոխությունների: Պատգամավորը հայտնել է, որ ագրեսիայի ու հանցագործության սահմանումներն այդ փոփոխություններով են սահմանվել: «Ուստի, հարց է առաջանում` արդյո՞ք ագրեսիայի ու հանցագործության պարագայում մեր երկիրը չի հավակնելու դատարանի իրավազորությանը»,- հարցրել է Վլադիմիր Վարդանյանը:
Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ Կամպալայի փոփոխությունները կսկսեն գործել համաձայնագրի վավերացումից հետո, քանի որ այն որոշակի ներպետական ընթացակարգերի վավերացում է պահանջում:
«Որքանո՞վ արդյունավետ կլինի այս իրավական գործիքը, հնարավո՞ր է` կրկին դատական ակտ կայացվի ու էլի չկատարվի Ադրբեջանի կողմից»,- հիմնական զեկուցողից հետաքրքրվել է Արուսյակ Ջուլհակյանն ու հիմնավորել հարցի անհրաժեշտությունը` նշելով. «Հանրության շրջանում թերահավատություն է առաջացել միջազգային դատական ատյանների կայացրած որոշումների վերաբերյալ: Լաչինի միջանցքի շրջափակման փաստով պայմանավորված և այլ հարցերին վերաբերող միջազգային մի քանի դատական ակտեր ունենք, որոնք չեն կատարվում»:
«Ճիշտ եք, ունենք միջազգային դատարանների շատ հստակ որոշումներ, որոնք անտեսվում են Ադրբեջանի կողմից: Ցավոք, միջազգային իրավական համակարգում մեխանիզմներն անկատար են ու Դատարանի որոշումների կիրառման նկատմամբ վերահսկողությունը տարբեր մարմիններ են իրականացնում, շատ հարցեր բաց են մնում: Որոշակի անարդյունավետություն կա, բայց միջազգային դատարանները չպետք է դիտարկենք լոկ ներպետական դատարանի կամ ներպետական դատական ակտերի տրամաբանության մեջ, քանի որ այդ դատարանների որոշումների ազդեցությունը բազմաշերտ քաղաքական ազդեցություն է ունենում»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը: Նա հավելել է, որ հանրության տպավորությունն օբյեկտիվ է, բայց հարցին պետք է համբերատար ու երկարաժամկետ նայել: Դատական ակտերն անմիջական էֆեկտներ չեն ունենում, բայց դա չի նշանակում, որ իրավական գործընթացներում պետք է չպայքարենք: Հիմնական զեկուցողի խոսքով Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացման քայլն ինչ-որ առումով նաև քաղաքակրթական ազդակ է արժեքային առումով, որը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից զեկույցում անհրաժեշտ է համարել նախագծի ընդունումը` ներկայացնելով հիմնավորումներ: Նա տեղեկացրել է, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունները, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը ստորագրել և վավերացրել է փաստաթուղթը, և դա դիտարկում են որպես եվրոպական արժեհամակարգի և առաջատար միջազգային իրավական համակարգի կարևորագույն բաղադրատարր: «Եզակի պետություններից մեկը, որ մեր տարածաշրջանում` Հարավային Կովկասում, չի ստորագրել և վավերացրել փաստաթուղթը, Ադրբեջանն է»,- ընդգծել է նա` հավելելով, որ փաստաթուղթը ստորագրել է 131 պետություն, վավերացրել` 122-ը: Այսինքն` ՄԱԿ-ի անդամ երկրների ճնշող մեծամասնությունը` կեսից ավելին, այս փաստաթղթի անդամ է:
Դիմելով հանրությանը և ընդգծելով դատարանի կարևորությունը` Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ այն բավական դանդաղ գործող կառույց է, և շատ արագ ու շատ արդյունավետ լուծումներ այսօր ակնկալել այդ դատարանից չենք կարող: Նրա խոսքով պատճառներն օբյեկտիվ են: «Միջազգային քրեական դատարանի պատմության մեջ, Միջազգային քրեական դատարանին նվիրված հետազոտությունների մեջ մենք մշտապես առնչվել և առնչվելու ենք «հայ» և «Հայաստան» բառերին: Սա ոչ միայն իրավական, քաղաքական պարտավորություն է: Իմ կարծիքով սա նաև բարոյական պարտականություն է` վավերացնել մի փաստաթուղթ, որը եկել է, գալիս է հայ ժողովրդի ցավերից: Եվ գուցե այս հարցում շատ ավելի շուտ և ավելի հստակ կողմնորոշվելը մեզ հնարավորություն կտար գուցե և խուսափել որոշակի իրադարձություններից, որոնք վրա հասան»,- ամփոփելով ելույթը` ասել է հանձնաժողովի նախագահը:
Ելույթների ընթացքում Ալխաս Ղազարյանը հիշեցրել է, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զինված ուժերը ռազմական ագրեսիա են իրականացրել ՀՀ դեմ և ներխուժել մեր երկրի ինքիշխան տարածք, դրան հաջորդել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան, այնուհետև ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանումը: Պատգամավորը փաստել է, որ Հռոմի կանոնադրության` հնարավորինս արագ վավերացումը բխում է մեր երկրի քաղաքացիների շահերից:
Արփինե Դավոյանն էլ կարևոր է համարել այն փաստը, որ նախագծի վավերացումից հետո այն հետադարձ կերպով անդրադառնալու է Ադրբեջանի կողմից մինչ օրս իրականացված ռազմական գործողությունների վրա ու հիմք հանդիսանալու հնարավոր հարձակումները կաշկանդելու համար: Պատգամավորը նկատել է, որ հանձնաժողովի նիստին չեն մասնակցում ընդդիմադիր գործընկերները, որոնք նախկինում դեմ են արտահայտվել քննարկվող նախագծին:
Եզրափակիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է. «Այս փաստաթղթի վավերացումը փորձում էին դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման կոնտեքստում: Դա բացառապես մանիպուլյատիվ բնույթ էր կրում և որևիցե եղանակով չէր ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա: Բավական երկար աշխատանք են կատարել այն բանի համար, որ այս փաստաթղթի վավերացումից հետո հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին որևէ վտանգ չսպառնա: Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 98-րդ հոդվածի երկրորդ մասն այդ հնարավորությունը տալիս է: Մենք մշտապես կողմ ենք եղել իրավապայմանագրային բազայի հիման վրա այս կամ այն հարաբերությունները կարգավորելուն: Այս փաստաթղթի վավերացումը չպետք է դիտարկվի որպես ինչ-որ երկրի դեմ իրականացվող քայլ: Համաձայնագիրն ուղղված է այն միջազգային հանցագործների դեմ, որոնք ՀՀ դեմ ագրեսիա են սանձազերծել և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացրել»:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարցին` առաջարկելով այն ընդգրկել Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում: