Բարդ իրավիճակ է բոլորիս համար, քանի որ էթնիկ զտման քաղաքականության հետևանքով մարդիկ բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով Սյունիքի մարզում ՄԻՊ-ի աշխատանքները բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ:
«Բոլորս ենք հասկանում, որ սա համազգային, համապետական շատ լուրջ խնդիր է, և, հետևաբար, մենք պետք է նաև շատ զգույշ լինենք և պատշաճ լինենք համապատասխան հրապարակումներում»,- ընդգծեց ՀՀ օմբուդսմենը՝ հորդորն ուղղելով հատկապես ԶԼՄ-ներին:
Անահիտ Մանասյանն անդրադարձավ նաև ԼՂ-ից Հայաստան տեղափոխվելիս Ադրբեջանի կողմից ձերբակալություններին:
«Սա մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չափազանց վտանգավոր երևույթ է, որովհետև այս ամենը տեղի է ունենում մարդու իրավունքների սահմանափակմանը վերաբերելի՝ միջազգային երաշխիքների միանշանակ խախտմամբ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը՝ ընդգծելով, որ միջազգային գործընկերների հետ կապի մեջ է և համապատասխան տեղեկատվություն է ներկայացնում նրանց: