Ժամը 10:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների ընդհանուր քանակը 66 500 է, ընդ որում՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այս անձանց մեծ մասը հատկապես Հայաստան է տեղահանվել երեկ և անցյալ օրը: Այս գիշեր նույնպես այդ թիվը շարունակել է աճել: Այդ մասին Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստին ասաց հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
«Եթե առաջին երկու օրերի ընթացքում՝ սեպտեմբերի 24-ին և 25-ին հանրագումարով, տեղահանվել էին 7500 և 1500, ընդհանուր թվով՝ 9000 մարդ, ապա միայն ամսի 26-ին տեղահանվածների քանակը 22 800 է եղել, իսկ երեկ՝ 26 600:
Այս գիշեր՝ ժամը 12-ից մինչև առավոտյան ժամը 10-ը, տեղահանվածների քանակը կազմել է 8 100, և այդ անձանց քանակը չի նվազում, այսինքն՝ ինտենսիվությունը, որով նրանք շարունակում են անցնել անցակետը, շարունակում է մնալ նույնը»,- ասաց նա:
Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ պետությունը փորձում է այն անձանց նույնականացնել, որոնք այդ պահին որևէ կարիքի անհրաժեշտությամբ դիմում են պատկան մարմիններին:
«Ունենք նաև օպերատիվ տվյալներ, թե այս օրերի ընթացքում տարբեր մարզերում մեր աջակցությամբ օթևան գտած անձանց քանակը որքան է: Դրանք քանակը այս պահի դրությամբ 11 հազարին մոտ է: Բաշխվածությունը մարզերի միջև գրեթե նույնն է»,- ասաց նա, ապա հավելեց, որ չնայած մարզերում տեղահանվածների բաշխվածությունը գրեթե նույնն է, այնուամենայնիվ, երկու մարզում՝ Կոտայքում և Սյունիքում, նրանք որոշակի քանակով ավելի են:
«Ուզում եմ խնդրել նաև՝ մեր տեղահանված քույրերը և եղբայրները որոշակի ըմբռնումով վերաբերվեն այն իրավիճակին, որ գուցե ոչ բոլորին են միաժամանակ առաջարկվում այն պայմանները, որ իրենց համար նախընտրելի կհամարվեն»,- ասաց Տիգրան Խաչատրյանը: