ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հնչեցրած պնդմանը, թե մարդիկ ազատորեն են լքում ԼՂ-ն: Նա, մասնավորապես, գրել է.
«Deutsche Welle-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնականը պնդում է, թե մարդիկ Լեռնային Ղարաբաղը լքում են ազատորեն: Ես ցանկանում եմ հասկանալ` արդյոք կա աշխարհում մեկը, ով հավատում է Ադրբեջանի այս հերթական կեղծ խոսույթին:
1. Մարդիկ հեռանում են, որովհետև նրանց վրա հարձակվում են ադրբեջանցի զինվորականները։
2. Մարդիկ հեռանում են, որովհետև իրենց քաղաքներն ու գյուղերն օկուպացված են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից:
3. Մարդիկ հեռանում են, որովհետև ո’չ միջազգային հանրությունը, ո’չ Ադրբեջանը չեն երաշխավորում նրանց իրավունքներն ու անվտանգությունը:
4. Մարդիկ հեռանում են, որովհետև 10 ամիս շարունակ Ադրբեջանը 120 000 մարդու, ներառյալ 30 000 երեխայի, պահում էր շրջափակման մեջ և սովամահ անում` իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում:
5. Մարդիկ հեռանում են, որովետև որևէ մեկը չի պատժվել 2016-2020 թթ. Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների համար, և երաշխիք չկա, որ մարդկանց գլխատողներն ազատորեն չեն շրջի այս տարածքներով` նոր զոհերի գլխատելու համար:
Հուսով եմ` հիմա առավել քան հասկանալի է, թե ինչու են մարդիկ հեռանում»: