Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մեղմ ասած, բարդ է, նախևառաջ ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի և քսայուղերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։
Ռուս խաղաղապահներն ակտիվորեն մասնակցել են հրդեհի մարմանը և տեղում շտապ բուժօգնություն ցուցաբերելուն։
Ողբերգական այս միջադեպի հետևանքով ծանր վիրավորված Լեռնային Ղարաբաղի 120 բնակիչ ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռներով տարհանվել է Հայաստանի տարածք՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու համար։
Շարունակելու ենք գործադրել բոլոր ջանքերը բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ։ Տարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնը դարձյալ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն է, որն անձնվիրաբար կատարում է իր պարտքը»,- ասել Է Զախարովան։