Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և այս սկզբունքով են առաջնորդվելու իրենց գործնական գործողություններում: Այդ մասին կողմերն արդեն հայտարարել են՝ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական կողմը շահագրգռված է Անդրկովկասում կայուն իրավիճակով։ Նա կողմնակից է բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Միաժամանակ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ դաշնակից պետություններ են։ Երևանի հետ մեզ կապում են անվտանգության ոլորտում ստանձնած պարտավորություններն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում։ Բաքվի հետ հաջողությամբ իրականացվում է դաշնակցային համագործակցության հռչակագիրը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, ապա այդ հարցը առավել ուշադրությամբ քննարկվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով, որը համանախագահում են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։
Մենք համոզված ենք, որ հենց այս ձևաչափով կարող է և պետք է գտնվի փոխընդունելի լուծում, որը երաշխավորում է յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու իրավասությունն իր ազգային տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։ Նման համաձայնագրերը, որոնք հիմնված են շահերի հավասարակշռության վրա, օգուտ կբերեն ինչպես տարածաշրջանի պետություններին, այնպես էլ նրանց հարևաններին, այդ թվում՝ Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին»,- նշել է նա։