ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա։
«Հայաստանում շատերը ցանկանում են կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել: Եթե նրանք հույսը դնում են Միացյալ Նահանգների վրա, ինչն ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա գուցե լավ կլինի, որ նայեն նորագույն պատմությանը, թե ինչպես է Միացյալ Նահանգները վերաբերվել նրանց, ում ձգտում էր իր թևի տակ վերցնել՝ առաջ մղելով իր աշխարհաքաղաքական շահերն ամերիկյան ափերից հեռու՝ աշխարհի տարբեր շրջաններում։ Այդ բոլոր մարդկանց ճակատագիրը շատ աննախանձելի է»,- նշել է Լավրովը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ ամեն դեպքում աշխարհաքաղաքական առումով չի կարելի անտեսել Ռուսաստանի Դաշնության շահերը Հարավային Կովկասում։ «Պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքականորեն անհնար է կորցնել Ռուսաստանը՝ ամբողջությամբ անտեսելով նրա շահերը Հարավային Կովկասում»,- ասել է ՌԴ դիվանագիտության ղեկավարը և հավելել, որ Երևանում որոշ առաջնորդներ նման հույսեր են կապում, և այդ մասին խոսում են ուղղակիորեն: