ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
«Մտահոգությամբ հետևում եմ զարգացող և հումանիտար փխրուն իրավիճակին։ Կարևոր է, որ տեղում էթնիկ հայ բնակչության իրավունքները պաշտպանվեն, և բոլոր գործողությունները հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա: Բոլոր քաղաքացիական անձանց պաշտպանությունը պետք է լինի բացարձակ առաջնահերթություն: Տուժածները պետք է հասանելիություն ունենան մարդասիրական օգնությանը։
Ներքին տեղահանվածների և փախստականների նման իրավիճակում հայտնված անձանց իրավունքները պետք է լիարժեք պաշտպանվեն, ներառյալ ապահովելով, որ նրանք կարողանան օգտվել վերադառնալու իրենց իրավունքից անվտանգ և արժանապատիվ պայմաններում: Կոչ եմ անում նաև պատշաճ ուշադրություն դարձնել անհայտ կորածների մասին արվող զեկույցներին։
Մարդու իրավունքների կամ միջազգային մարդասիրական իրավունքի ցանկացած խախտում ենթադրում է հետագա գործողություններ, ներառյալ՝ արագ, անկախ և թափանցիկ հետաքննություն՝ ապահովելու պատասխանատվությունն ու փոխհատուցումը զոհերի համար՝ կախված հանգամանքներից։
Պետությունները պարտավորություն ունեն չմերժել էթնիկ, կրոնական կամ լեզվական փոքրամասնություններին սեփական մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու և դրա ծեսերը կատարելու, ինչպես նաև մայրենի լեզվից օգտվելու իրավունքը:
Յուրաքանչյուր պետություն պետք է նաև պաշտպանի իր տարածքում գտնվող փոքրամասնությունների գոյությունն ու ազգային կամ էթնիկ, մշակութային, կրոնական և լեզվական ինքնությունը և խրախուսի այդ ինքնությունը խթանելու պայմանները»: