Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Իտալիայի Սենատի արտաքին և պաշտպանության հարցերով հանձնաժողովի առցանց համատեղ նիստը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով իտալացի գործընկերներին՝ հայ խորհրդարանականները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակն ու տարածաշրջանի անվտանգային իրադրությանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը բարձրաձայնել է Լաչինի միջանցքի փակվելուց հետո վերջին տասն ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրողությունները, խոսել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված հերթական լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամներ Էդուարդ Աղաջանյանը և Մարիա Կարապետյանն էլ անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դժվարություններին, ընթացող բանակցային գործընթացին:
Իտալացի խորհրդարանականները հայ գործընկերներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել և խոստացել անել հնարավոր ամեն ինչ՝ Իտալիայի կառավարության ուշադրության առանցքում պահելու առկա ծանր իրավիճակը և մեծացնելու Ադրբեջանի նկատմամբ ճնշումը: