Արցախյան հարցը հասել էր մինչև 2018 թվականը ծանրագույն վիճակի, բայց դրանից հետո ավելի բարդացավ. ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը և նախկին իշխանություններին մեղադրել պետությունը թալանելու, իսկ ներկաներին՝ արտաքին քաղաքականությունը տապալելու համար: Անդրադառնալով սեպտեմբերի 19-ից կազմակերպվող հանրահավաքներին և ակցիաներին՝ Մարությանը դրանք բնական է համարել, բայց ինքն ու իր թիմը չեն միացել դրանց, քանի որ կարծում են՝ իշխանությունը պետք է փոխվի ընտրությունների միջոցով: Այս համատեքստում Հայկ Մարությանը խոսել է մայրաքաղաքի իշխանություն ձևավորելու հարցից, նշել, որ փաստացի «Մայր Հայաստանն» իր՝ առանց նախապայմանի իրեն ընտրելու առաջարկին կողմ է, ապա նաև անդրադարձել է «Հանրային ձայն» կուսակցությանը, որը պահանջել է վերահսկողության վարչության պետի պաշտոնը:
Հայկ Մարության - Մեր մասնագետները լուծում են գտել, որն առաջարկում ենք մեր ընդդիմադիր գործընկերներին: Կարող ենք ստեղծել ավագանու քննող հանձնաժողով: Սա կարգավորվում է Երևան քաղաքի ավագանու կանոնակարգով՝ 89 կետ: Կստեղծվի քննող հանձնաժողով, նախագահը կլինի ձեր կուսակցության կողմից, դուք կհայտարարեք, թե ինչն եք ուզում ստուգել, ոնց եք ուզում ստուգել, ինչ ձեր մտքով անցնի ստուգել, կարող եք այս հանձնաժողովի օգնությամբ ստուգել: