Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները նպաստելու են քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության ծառայություններին և սուբյեկտներին ներկայացվող պահանջների հստակեցմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տնտեսական, մարդկային ռեսուրսների համաչափ զարգացմանը: Այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 27-ի նիստում «Զբոսաշրջության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նախարարը կարևորել է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց և նրանց կողմից մատուցվող ծառայությունների հստակ տարբերակումը, պահանջների և չափանիշների սահմանումը, զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց՝ իրավական դաշտում գործունեության ապահովումը, զբոսաշրջության բնագավառում քաղաքականություն մշակող մարմինների ազդեցությունների հստակեցումը, վերահսկողության մեխանիզմների ներդրումը, հյուրանոցային ծառայությունների միջազգային չափանիշներին համապատասխան որակի ապահովումը:
Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների կողմից իրենց գործունեության շրջանակում որակյալ ծառայությունների մատուցմանը, տեղեկատվության տրամադրմանը:
Նա խոսել է նաև զբոսաշրջային ավտոբուսների անվտանգային և միջազգային տեխնիկական չափանիշներին համապատասխանեցման մասին:
Նախարարը տեղեկացրել է, որ նշված խնդիրների կարգավորման նպատակով ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել զբոսաշրջության ծառայություններ տրամադրելու պայմանները և վերահսկողության մեխանիզմները, սահմանվում են հստակ պահանջներով չափանիշներ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց համար, հստակեցվում է այս բնագավառում կարգավորման շրջանակը Կառավարության պետական լիազորված մարմնի լիազորություններն ու գործառույթները, ներդրվում է զբոսաշրջային ծառայությունների մատուցման էլեկտրոնային և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան:
Անդրադառնալով որակական չափանիշների բարելավմանը՝ Վահան Քերոբյանը նշել է, որ օրենքի նախագծով կներդրվեն միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման մեխանիզմներ, կհստակեցվեն զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին ներկայացվող պահանջները: Նախագծով նախատեսվում է նաև ներդնել զբոսաշրջային ավտոբուսներով ուղևորափոխադրման որակավորման համակարգ:
Վահան Քերոբյանի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի զբոսաշրջության ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը:
Պատգամավորներն օրենքի նախագծի վերաբերյալ հնչեցրել են հարցեր, արել առաջարկություններ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով՝ օրենսդրական փաթեթը հետաձգվել է երկու ամիս ժամանակով. կկազմակերպվի աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի հետ: