Ստեփանակերտից Երևանի բժշկական կենտրոններ տարբեր վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխված վիրավորների կարիքների գնահատում ենք արել, և այս պահին Կառավարությունը, առողջապահության նախարարությունը հոգում են դրանք, բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Նշվել է, որ Հայաստանի տարբեր մարզերում տեղավորվելուց հետո, տեղում, ըստ կարիքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են օգտվել բժշկական ծառայություններից պետական պատվերի շրջանակներում:
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեղավորվելուց հետո նրանց առողջական խնդիրների լուծմանն ու մասնագիտական բուժսպասարկմանն ուղղված երկարաժամկետ քայլերը՝ ընդգծելով բարեգործական և հասարակական կազմակերպությունների աջակցության կարևորությունը: