Իհարկե մենք հասկանում ենք, որ այս պահին առաջնահերթ են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովման ծրագրերը, սակայն կրթության իրավունքը նույնպես առաջնային է, և մենք պետք է առանց ժամանակ կորցնելու նաև իրականացնենք քայլեր՝ ապահովելու երեխաների շարունակական կրթությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացիներ տարբեր մարզերում: Մեր դպրոցները պատրաստված են դրան: Մենք ուղարկել ենք շրջաբերական գրություն, որտեղ հստակ հրահանգներ ենք տվել, թե ինչպես պետք է կազմակերպվի գործընթացը, մասնավորապես ուզում եմ տեղեկացնել, որ որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի, և այն ժամանակահատվածում, որ երեխաները կլինեն դպրոցում, առանց որևէ լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու նրանց ընդունումը դպրոց տեղի կունենա»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը հայտնեց, որ միևնույն ժամանակ կարգավորումներ են նախատեսվել բոլոր այն դեպքերի համար, երբ երեխաները կունենան հավելյալ աջակցության կարիք: «Բոլորս հասկանում ենք, որ նրանք անցել են բարդ հոգեբանական դրության, փորձությունների միջով, և կրթության գործընթացն արդյունավետ լինելու համար նաև պետք է դառնա այն դրական ու ապահով միջավայրը, որը կստեղծի նաև սովորելու հնարավորություն: Այդ աշխատանքն անելու ենք ոլորտում գործող մասնագիտացված կառույցների հետ: Գիտեք, որ մենք ունենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ. բոլոր մասնագետները պատրաստ են, եկող շաբաթից մենք կմեկնարկենք նաև վերապատրաստման ծրագրեր ուսուցիչների համար՝ աջակցելու նրանց այս իրավիճակում կարողանալ նաև համապատասխան միջավայր ձևավորել երեխաների համար: Կարծում եմ՝ մեր բոլոր դպրոցները, ուսուցիչները, սովորողները ջերմությամբ, հոգատարությամբ կընդունեն ցանկացած երեխայի, որն այսօր այս դժվարին իրավիճակում հայտնվում է մեր դպրոցներում»,- ասաց նա:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ իրականում երեխաների թիվը մեծ է: «Մենք այս պահին հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարող ենք ասել, որ Հայաստան մուտք գործող ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանցից ամեն երրորդն անչափահաս է, բնականաբար, սա նշանակում է, որ մենք դպրոցներում շատ անելիք կունենանք այս ուղղությամբ աշխատանքներով»,- նշեց նա:
Նա նաև նշեց, որ համագործակցում են ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների հետ և նաև հավելյալ ծրագրեր են լինելու, որոնք կվերաբերեն հավելյալ կրթական աջակցությանը: «Երեխաները որոշակի պրոցես դուրս են մնացել կրթական գործընթացից և կարող են ունենալ նաև հավելյալ կրթական դասընթացների կարիք, որը կկազմակերպվի հատկապես ավարտական դասարանների երեխաների համար, որպեսզի հասցնեն պատշաճ պատրաստվել իրենց այս տարվա կարևոր անելիքներին»,- ասաց նախարարը՝ նշելով, որ պլանավորում են նաև առանձին ծրագիր ունենալ ԼՂ-ից մեզ մոտ գտնվող ուսուցիչների համար:
«2023 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ԼՂ-ում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սովորողներով: Ուսուցիչների թիվը եղել է 1500-ին մոտ: Ես կարծում եմ, որ մեր համակարգը, հատկապես որ մենք անընդհատ խոսում ենք ուսուցիչների պակասի մասին, իհարկե, պատրաստ կլինի և ուրախ կլինի մեր ուսուցիչներին բոլոր անհրաժեշտ ուղղություններով ներգրավելու: Մենք առանձին ծրագիր ենք պատրաստում այս ուղղությամբ, որ կարողանանք ավելի հարթ կազմակերպել այս գործընթացը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ բոլոր այն հարցերում, որոնք կպահանջեն հավելյալ ծրագրեր և նախաձեռնություններ կարիքների գնահատման փուլում, կլինեն շատ ուշադիր: «Բոլոր անհրաժեշտ նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, ըստ ի հայտ բերված կարիքների, կմշակվեն»,- նշեց Ժաննա Անդրեասյանը: