Ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50243 անձ: Ժամը 12:00-ի թիվն ավելացել է շուրջ 3000-ով: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Ըստ վարչապետի մամուլի քարտուղարի՝ այս պահի դրությամբ պետության միջոցներով լուծվել է 5700 անձի կեցության հարցը:
«Մենք ունենք Կոռնիձորում կայանատեղի, և կայանատեղին հատելուց հետո մարդիկ նաև հաշվառման գործընթաց են անցնում, որտեղ արդեն գնահատվում են կարիքները: Այն բոլոր քաղաքացիները, որոնք ունեն կեցության խնդիր, պետության կողմից լուծվում է այս հարցը: Եվ այս պահի դրությամբ այդ թիվը 5700 է, այսինքն՝ ընդհանուր սահմանը հատած քաղաքացիների շուրջ 11 տոկոսը:
Մնացած քաղաքացիներն այս պահի դրությամբ հրաժարվել են և միանգամից արդեն ուղևորվել են իրենց կեցության վայրեր»,- ասաց վարչապետի մամուլի քարտուղարը՝ հորդորելով, որ վերջիններս իրենց հաշվառման գործընթացն իրականացնեն ժամանակավոր բնակության վայրերում, որովհետև ՀՀ բոլոր մարզերում և տարբեր քաղաքներում գործում են աշխատանքային խմբեր, իսկ հաշվառման գործընթացը կարևոր է պետության համար:
Նազելի Բաղդասարյանը ներկայացրեց նաև ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բուժառուների վերջին տվյալները:
«Այս ժամի դրությամբ ևս 74 բուժառու տեղափոխվել է ՀՀ, և ընդհանուր թիվը կազմում է 311: Դուրս գրված քաղաքացիներ չունենք, և քաղաքացիները ստացիոնար բուժում են ստանում պահի դրությամբ»,- ասաց նա:
Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց՝ ԱՍՀՆ-ի տվյալների համաձայն՝ 114 թեժ գծին ստացվել է 6900 զանգ: 4900 քաղաքացու սոցիալական կարիքների գնահատում է իրականացվել, լրացվել են հայտեր:
ԱՍՀՆ-ն գործարկել է նաև կամավորագրման համար հարթակ, որտեղ արդեն 660 հայտ կա լրացված: