ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ընդգծել նոր ռազմական գործողությունների անթույլատրելիությունը՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության խոսնակը: «Բլինքենը հերթական անգամ շեշտել է նաև քաղաքացիական բնակչության անվտանգության, տեղաշարժի ազատության և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատչելիության անվերապահ ապահովման անհրաժեշտությունը»,- հավելել է Մեթյու Միլլերը:
Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ Ալիևը վստահեցրել է, որ ռազմական գործողություններ այլևս չեն լինի, նա նաև դիտորդական առաքելություն ընդունելու պատրաստակամություն է հայտնել: «Վաշինգտոնն ակնկալում է, որ նա չի դրժի իր խոսքը»,- նշել է Միլլերը։
Ադրբեջանական կողմը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Ադրբեջանի նախագահականի տվյալով՝ Ալիևը պնդել է, թե իբր Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանը վնաս չի հասցվել, այժմ էլ միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու հայ բնակչության իրավունքները: Ըստ ադրբեջանական հաղորդագրության՝ Ալիևը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում կազմակերպելու Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի այցը Լեռնային Ղարաբաղ:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: