Ե՛վ Գորիսում, և՛ Կոռնիձորում բազմաթիվ կամավորներ կան, որոնք աշխատանքներ են իրականացնում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ գործարկվել է նաև կամավորների հերթագրման հարթակ:
«Այս պահի դրությամբ այդ հարթակում գրանցված ունենք ավելի քան 650 կամավորներ»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ կոորդինացնող կայաններ կան ՀՀ բոլոր մարզերում և համայնքներում, որոնց հասցեները հրապարակված են:
«Համապատասխան կարիքը գնահատելուց և պահանջը հասկանալուց հետո մեր կամավորներին կուղղորդենք համապատասխան կենտրոններ և առհասարակ բոլոր այն վայրերը, որտեղ այս կամ այն սոցիալական ծառայություն կամ աջակցություն է տրամադրվում ԼՂ-ից բռնի տեղահանված ազգաբնակչությանը, մենք մեր կամավորների ներուժը կօգտագործենք այդ ուղղությամբ: Եվ այս առումով ասեմ, որ հավաքագրումը շարունակվում է, և մենք վստահ ենք, որ այդ թվերը կմեծանան, որովհետև բազմաթիվ զանգեր ենք ստանում»,- ասաց նախարարը:
Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքացիներից բազմաթիվ զանգեր են ստացել թեժ գծին, և որ վերջիններս ցանկություն են հայտնել՝ կամավոր աջակցություն ցուցաբերելու ԼՂ մեր հայրենակիցներին: