Վերջին տվյալների համաձայն՝ արդեն 47115 մարդ է հատել Հակարիի կամուրջը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս:
Ըստ նրա՝ Կոռնիձորի կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում Գորիսի կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխում:
Մամուլի քարտուղարը ներկայացրեց նաև, թե 42500 բռնի տեղահանվածներից քանիսն է Հայաստանի սահմանը հատելուց հետո հաշվառվել: Ըստ այդմ՝ 42500-ից 22800-ը արդեն իսկ հաշվառվել են:
42500 բռնի տեղահանվածներից շուրջ 4002 անձ օգտվել է պետության տրամադրած կացարաններից՝ ասաց Նազելի Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ սա առաջնային օգնություն է, որովհետև գերնպատակ է ԼՂ մեր հայրենակիցներին ապահովել որոշակի կացարանով, այնուհետև կտրամադրվեն այլ բնակության վայրեր:
Նա ներկայացրեց նաև 42500 բռնի տեղահանվածների մասով պետության տրամադրած կացարաններից օգտված քաղաքացիների տեղաբաշխվածությունը՝ ըստ մարզերի. Սյունիքում՝ 1465, Վայոց ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203 և Կոտայքում՝ 20:
«Մնացած քաղաքացիները ցանկացել են, որ իրենց բնակության ու կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպեն, բայց դա չի նշանակում, որ պետությունը հետագա հոգածությունից հրաժարվում է»,- ասաց Նազելի Բաղդասարյանը: