ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ սեպտեմբերի 26-ի 1186-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Համաձայն հրամանի՝ հավակնորդների քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 3-18-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:
Հավակնորդների հավաստագրման գործընթացն իրականացվում է համաձայն նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման կարգի:
Թեստավորմանը մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հավակնորդների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ: Թեստավորումն անցկացվում է ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ նախարարության կողմից ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով։ Համակարգ մուտք գործելուց հետո համակարգը, միասնական բազայից, հավակնորդի համար ձևավորում է 60 հարցից բաղկացած թեստ և ֆիքսում աշխատանքի սկիզբը։ Էլեկտրոնային թեստավորման համար հավակնորդին տրվում է 60 րոպե:
Թեստավորման յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր: Գրավոր թեստավորման ժամանակ սխալ պատասխաններ են համարվում նաև մեկից ավելի նշումներով, ուղղումներով կամ առանց համապատասխան նշումի պատասխանները:
Թեստավորումը հաղթահարելու համար հավակնորդի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն 90 տոկոս: