ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 26-ին հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
«Պետքարտուղարն այսօր կրկին բանակցել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների անթույլատրելիությունը, քաղաքացիական բնակչության անվտանգության, տեղաշարժի ազատության և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատչելիության անվերապահ ապահովման անհրաժեշտությունը»,- ասել է նա:
Բլինքենը զրույցի ընթացքում հիշեցրել է Ալիևին իր խոստումը` երբեք ռազմական ուժի չդիմել և ընդունել դիտորդական առաքելությանը:
«Պետքարտուղարը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Ալիևն ասել է, որ նոր ռազմական գործողություններ չեն լինելու, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կլինի դրան։ Ալիևն ասել է նաև, որ կընդունի դիտորական առաքելությունը և մենք ակնկալում ենք, որ նա կգործի դրան համապատասխան»,- ասել է Միլլերը:
Հարցին, թե արդյոք Յուրի Քիմը և Սամանտա Փաուերը պատրաստվում են հաջորդիվ գնալ Ադրբեջան, Միլլերը պատասխանել է, որ կոնկրետ տեղեկություն չունի դրա վերաբերյալ: