Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են՝ հիմնանորոգվում է Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրով անցնող ճանապարհը՝ 2.3 կմ երկարությամբ։
Տասնամյակներ շարունակ այս ճանապարհը չէր հիմնանորոգվել։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը 700 մլն դրամ է։ Նախ կհիմնանորոգվի 700 մետրը‚ որի համար պետական բյուջեից դրամական միջոցներ հատկացվել են‚ այնուհետև շինարարը կանցնի մյուս հատվածների հիմնանորոգմանը։
Ճանապարհաշինության ընթացքում առաջացել էր ջրագծի խողովակների փոխարինման անհրաժեշտություն‚ ինչը «Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրականացվել է։ Ջրագծերի փոխարինման աշխատանքների ավարտից հետո շինարարությունը վերսկսվել է։ Գյուղամիջում կառուցվում են մայթեր‚ ջրահեռացման վաքեր‚ վերակառուցվում է ճանապարհի հիմքը‚ կփոխվի ծածկը‚ կտեղադրվեն անվտանգության տարրեր։
Հիմնանորոգվող ճանապարհը նաև զբոսաշրջային ուղղություն է։ Գյուղից 2 կմ հեռավորության վրա է հայտնի Գութանասարը‚ որը զբոսաշրջային մեծ հետաքրքրություն է ներկայացնում։
Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։