Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, որտեղ գտնվում են երեկվա պայթյունից վնասվածքներ ստացած արցախցիները:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ պայթյունից տուժած մեր հայրենակիցների թիվը 200-ից ավել է:
«Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան: Այս պահին ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում ուղղաթիռներով տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է: Փոխադրումներն անընդհատ, հերթափոխով կիրականացվեն: Մինչև երեկո ամբողջ կարողություններով փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց»,- ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը պատասխանեց Լեռնային Ղարաբաղից վիրավորների և պայթյունից տուժածների տեղափոխման վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին: