Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է: «Լուրերի» ուղիղ եթերում ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանում իրականացվող աշխատանքներից՝ ընդգծելով, որ հոսքը դեռ չի դադարում:
«Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանը մշտական ռեժիմով դիմավորում է քաղաքացիներին: Անհրաժեշտ գրանցումը և անհրաժեշտ գործընթացները տեղում կատարվում են»,- ասաց Վարդան Սարգսյանը:
Ըստ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցչի՝ Հայաստան մուտք գործելուց հետո կատարվում է ԼՂ մեր հայրենակիցների կարիքների գնահատում:
«Քաղաքացիների ընդունման և մեքենաների շարժի հետ կապված ընդհանուր գործընթացը կառավարելի է:
Նշեմ նաև, որ այս ամբողջ գործընթացը բավականին մեծ ուշադրության կենտրոնում է, այստեղ բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում՝ միջազգային, ականատես ենք լինում, որ լուսաբանում են իրավիճակը»,- ասաց Վարդան Սարգսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում Գորիսում բացված կենտրոնի կարողությունները կմեծացվեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 13 550 անձ: