Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Իքսի իր էջում գրել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների տարհանման մասին:
«Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հայերը հազարներով տարհանվում են Հայաստան։ Ինչո՞ւ են այս մարդիկ տարհանվում։ Որովհետև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ են գրանցվել, այլև հազարավոր խաղաղ բնակիչներ կորցրել են իրենց տները, գյուղերն ու համայնքները։
Բնակչությունն 9 ամիս սովի է մատնվել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման, ապա՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով:
1. Նրանք բռնի տեղահանվել են իրենց տներից և նկուղներում 6 օր սոված-ծարավ քնելուց հետո ոչ միայն չեն կարողացել վերադառնալ իրենց տները, այլև ստիպված են եղել տարհանվել իրենց նախնիների երկրից:
2. Մենք ընդունում ենք, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։
3. Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ը և բոլոր միջազգային դերակատարները չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգության երաշխիքները։ Չնայած այն հանգամանքին, որ իրենց միջնորդական ջանքերի ընթացքում նրանք բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմներով, որպեսզի կարողանան ապահով ապրել իրենց նախնյաց հողում»,- գրել է Մարուքյանը։