Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի մեկօրյա այցով ժամանել է Ադրբեջան: Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Նախիջևանի միջազգային օդանավակայանում, որի օդանավասանդուղքի մոտ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է իր թուրք գործընկերոջը:
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Նախիջևան է ժամանել նաև թուրքական մեծ պատվիրակություն, այդ թվում՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարը, Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխությունների նախարար Մեհմեդ Օզհասեքը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հայտնել էր, որ Էրդողանը և Ալիևը կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնաքարի տեղադրման արարողությանը և Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին, կբացեն ռազմարդյունաբերական համալիր։
Ըստ լրատվականների՝ Էրդողան-Ալիև հանդիպման ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և գլոբալ օրակարգի արդի հարցերի, առաջին հերթին՝ ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ։