Ընդհանուր առմամբ Կառավարությունն աշխատում է հումանիտար կայանում, ինչպես նաև Գորիսի տրիաժ (տեսակավորման) կենտրոնում, մեր նախարարության գործառույթները իրականացնում ենք երկու վայրերում էլ: Այդ մասին «Լուրերին» ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը:
«Նախ մեր գործընկերների հետ դիմավորում ենք քաղաքացիներին: Նրանք անցնում են հաշվառման կետերով՝ նրանց ընդհանուր հաշվառում է իրականացվում, և անձի իդենտիֆիկացիա են անցնում, և ընդհանուր կարիքներն են ներկայացվում՝ արդյոք ունե՞ն կացարանի կարիք, հագուստի կարիք, սննդի կարիք: Հիմնական կարիքները ներկայացվում են: Կացարանի կարիք ունեցողները տեղակայվում են հյուրանոցներում, հյուրատներում, դա էլ իրականացվում է ՏԿԵ նախարարության ուժերով, մարզպետարանների համակարգմամբ, դրանից հետո նրանց այցելում են սոցիալական աշխատողները»,- ասաց Աննա Ժամակոչյանը:
Նա նշեց, որ բոլոր հանրային ռեսուրսները մոբիլիզացված են՝ պետական, համայնքային, ինչպես նաև հասարակական ռեսուրսները. կամավորագրված մարդիկ կան, որ աջակցում են: «Մեր բոլորի ռեսուրսներն ուղղված են միավորված ջանքերով խնդիրները լուծելուն. դիմավորում ենք, ամենակարևոր հրատապ կարիքներին այս պահին արձանգանքում ենք, հետագայում վերահսկողություն կպահենք: Իհարկե, ճգնաժամային իրավիճակ է, բոլորը մոբիլիզացված են, ճգնաժամային իրավիճակին պատշաճ արձագանքը տրվում է, մենք խնդիրները լուծելով առաջ ենք գնում»,- ասաց ԱՍՀ փոխնախարարը:
«Մենք լավ իրազեկել ենք 114 համարի՝ թեժ գծի մասին: Մինչև մի քանի ժամ առաջվա դրությամբ մենք 300-ից ավելի զանգ էինք ստացել: Նաև ԼՂ-ից են մարդիկ զանգում մեզ, և մենք ուղղորդում ենք, թե, ինչպես, օրինակ՝ իրենք կարող են դիմել տեղի աջակցողներին՝ Հայաստան տեղափոխվելու համար»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է 6650-ից ավելի բռնի տեղահանվածներին, ապա, փոխնախարարի խոսքով, նրանք հաշվառված են, հիմնական կարիքները նկարագրված են: «Առաջին հերթին կացարանն է. կացարանի հարցը լուծվում է մարզպետարանների համակարգմամբ: Հաջորդ կարիքների մասով. մեր սոցաշխատողներն այցելում են հյուրանոցներ և մանրամասն զրուցում են: Բացի նյութական կարիքներից՝ բացահայտվել է, որ կա հոգեբանի կարիք: Մենք այդ ուղղորդումներն ենք անում, որ մարդիկ այցելություններ ունենան»,- ասաց Աննա Ժամակոչյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր առանց ծնողի ուղեկցության մեկ երեխա է եկել Հայաստան, որի հետ աշխատանք է տարվում. նա պետք է տեղավորվի ճգնաժամային կենտրոնում: «Շատ կարևոր է, որ առանց ծնողի ուղեկցության երեխաները բացահայտվեն վաղ փուլում, չունենանք որևէ երեխայի իրավունքների հետ կապված ռիսկեր»,- նշեց ԱՍՀ փոխնախարարը: