Երկուշաբթի Հայաստան են ժամանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատճառը բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության զանգվածային հոսքն է Հայաստան: Պատվիրակության կազմում են՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը և այլ պաշտոնյաներ:
Սա նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է Հայաստան:
Reuters գործակալության տվյալով՝ «Փաուերը կհանդիպի Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կհաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված մարդասիրական կարիքները լուծելու հանձնառությանը»:
Փաուերը ԱՄՆ ՄԶԳ առաջին ղեկավարն է, որը կժամանի Հայաստան: «Նա կհաստատի ԱՄՆ-ի գործընկերությունը այդ երկրի հետ և խոր մտահոգություն կհայտնի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության հետ կապված, կքննարկի այնտեղ հումանիտար ճգնաժամը կարգավորելու միջոցները»,- գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը: