Երեկվանից, տեղյակ եք՝ Լաչինի միջանցքով ԼՂ-ից իրականացվում է քաղաքացիների տեղափոխում դեպի Հայաստան: Ժամը 12:00-ի դրությամբ արդեն իսկ հրապարակվել են տվյալները՝ 4850 քաղաքացի արդեն անցել է սահմանը և գտնվում է Հայաստանում: Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանում իրականացվում է վերջիններիս դիմավորումը: Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
«Քաղաքացիները գրանցվում են, տեղի է ունենում վերջիններիս կարիքների առաջնային գնահատում, ըստ դրա` իրականացվում են համապատասխան աշխատանքները: Այստեղ գործում է նաև քաղաքացիներին առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար կետ, հոգեբանական աջակցություն է տրամադրվում քաղաքացիներին: 24-ժամյա ռեժիմով բոլոր մարմիններն աշխատում են, կայանը աշխատում է, գործում է նաև Գորիսում գտնվող կոորդինացիոն կենտրոնը, որտեղ ուղարկվում են այն քաղաքացիները, որոնք ունեն օթևանի խնդիր. այնտեղ գրանցվելուց ու կարիքները գնահատելուց հետո վերջիններիս տրամադրվում է համապատասխան կեցավայր»,- նշեց նա:
Վարդան Սարգսյանը նշեց, որ Գորիսի կոորդինացիոն կենտրոնը նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնք կեցության խնդիր ունեն, և մինչ այս պահը գրանցված և կեցության համար դիմած բոլոր քաղաքացիների համար ապահովվել է համապատասխան կեցություն:
«Կեցավայրերը ամբողջ հանրապետության տարածքով են նախատեսվում: Միայն Սյունիքի մարզով չի սահմանափակվում»,- ասաց նա:
Իսկ քաղաքացիների փոխադրումը ԼՂ-ից ՀՀ, Վարդան Սարգսյանի խոսքով, իրականացվում է քաղաքացիների անձնական մեքենաներով, ավտոբուսներով:
Վառելիքի պակասի հարցին թե ինչ լուծում է տրվում՝ տեղեկություն չունի: «Այդ ինֆորմացիան կա, և, կարծում եմ՝ խնդիրը լուծելու ուղղությամբ քայլեր կձեռնարկեն»,- ասաց նա:
Այն հարցին ի պատասխան, թե որքան քաղաքացիների ՀՀ-ն կարող է ընդունել, Վարդան Սարգսյանն ասաց. «Կառավարության կողմից հայտարարվել էր, որ Կառավարությունը պատրաստ է աջակցություն հայտնել և ընդունել ԼՂ-ից տեղահանված ժողովրդին, և այդ առումով կոնկրետ առանձին վերցրած ֆինանսակայն միջոցների կամ այլ դետալների մասով չեմ կարող ասել, բայց Կառավարությունը պատրաստակամության մասին հայտնել է: Եթե չեմ սխալվում, նախապես հնչել է 40 հազար թիվը, միգուցե դա ճշգրտման կարիք ունի: Նախապես հայտարարված թվից ավելի ոչինչ չեմ կարող ասել:
Իսկ թե որքան են շարունակվելու քաղաքացիներին ընդունելու աշխատանքները, նա ասաց, որ ներկա պահին հարց դրված չէ, թե ինչ տևողությամբ են իրականացվելու աշխատանքները: «Քանի դեռ քաղաքացիների հոսք կա, և նրանք կարիք ունեն գրանցվելու, գործընթացը պետք է շարունակվի»,- նշեց Վարդան Սարգսյանը: