Արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ պետական շահերի և անվտանգության տեսակետից: Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի՜ հայրենակիցներ, վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետևություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել:
Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ պետք է տեղի ունենա: Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանը ռազմավարական է ապագայի համար: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ պետական շահերի և անվտանգության տեսակետից»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա երևաց թե՜ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՜ 2021 թվականի մայիսի ու նոյեմբերի իրադարձություններր ժամանակ, թե՜ 2022-ի սեպտեմբերին, և ցանկը դեռ կարելի է շարունակել:
«2020-ի դեկտեմբերին Խծաբերդի և Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, ԼՂ հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը ԼՂ-ի վրա լրջագույն հարցեր են բարձրացնում նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների և մոտիվների մասին:
Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ԼՂ հայությունն այսօր էլ էթնիկ զտումների առաջ է։
Վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում: Եվ եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանակությունը, որ ԼՂ-ի հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է:
Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա։
Իհարկե, ՀՀ կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է ԼՂ-ի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձևավորման վրա, բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, Կառավարությունը ԼՂ-ի մեր քույրերին ու եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետությունում: Սրանով, սակայն, վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլև ավելի կսրվեն:
ՀՀ-ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել, բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիությունները ի ցույց դնելու և հայ ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր ենք դրել:
Ընդ որում՝ նման քաղաքականությունը ամենևին էլ կապ չունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ, և այդ քաղաքականության դրսևորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում:
Այդ քաղաքականության արտահայտություն էին նաև 2016 թվականի չորսօրյա պատերազմը, 2014-2015 թվականներին տեղի ունեցած սահմանային լարումները և այլն»,- ասաց ՀՀ վարչապետը: