Մենք Հայաստանի անկախությունը կասկածի տակ դնող ձևակերպումներին երբեք չենք համաձայնվել, բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ և ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիություններն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլև ներքին անվտանգությունն ու կայունությունը, խախտելով դիվանագիտական, միջպետական հարաբերությունների, էթիկայի, կոռեկտության բոլոր նորմերը, ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները: Այս մասին իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս քայլերին ի պատասխան՝ մենք կոչ ենք անում և հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը և մեր վճռական կամքն ենք արտահայտում՝ ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին և ներքին անվտանգությունը, միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով՝ ձեռնարկելու են բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար:
«Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ:
Մենք այս շարքում ենք դիտում ոչ միայն բանակի և անվտանգության ուժերի խորը և համապարփակ բարեփոխումները, այլև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դե յուրե ձևակերպվում են որպես Հայաստանի Հանրապետության պետական սահման: Մենք այս շարքում ենք դիտում նաև Հռոմի ստատուտի վավերացումը, որը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից:
Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը մենք կայացրեցինք 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար, և այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի Դաշնության դեմ: Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է:
Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանը պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ և ժողովրդավարական պետություն: Բայց այս ճանապարհին անհրաժեշտ է վերահաստատել ազատ և ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը, և մենք գնում ենք այդ ճանապարհով՝ հարգելով մեր բոլոր գործընկերներին, բայց և նույնպիսի հարգանք ակնկալելով մեր ժողովրդի, մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր ազատության նկատմամբ:
Վերջին տարիներին և այսօր էլ մեր հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է՝ Հայաստանը լինելու է ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետությո՞ւն, թե՞ վախվորած ծայրագավառ: Արդեն գրեթե բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում:
Եվ ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքն անկախությա՞ն պաշտպանության շարժման մասնակից է, թե՞ ծայրագավառային հնազանդության:
Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը: Եթե չլինեի վարչապետ, որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող վարչապետի հետևից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է, որովհետև Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կորցրել և չի կորցնի իր հպարտությունը ու հաստատակամությունը, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին կհաղթի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, երջանկության և ազատության համար մղվող այս պայքարում:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց վարչապետն իր ուղերձում: