ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների, երթերի, այլ գործողությունների ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ։
Նրանցից 39-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցության համար, 4-ին՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար, 2-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, մյուսներին` տարաբնույթ այլ առերևույթ հանցագործություններ կատարելու համար։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություններ են ներկայացվել` քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 39-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 24-ի ժամը 16:00-ի դրությամբ միջնորդությունները դատարանների կողմից ամբողջությամբ բավարարվելու արդյունքում արդեն իսկ կալանավորվել է 26 անձ։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մի քանի միջնորդություններ դեռևս քննարկման փուլում են։
Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցագործության դեպքերի վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում նախաքննությունը շարունակվում է։ Դրանց շրջանակներում շարունակվում են զանգվածային անկարգություններին մասնակցած բազմաթիվ անձանց հանցավոր արարքների անհատականացման, վերջիններիս ինքնությունները պարզելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու գործողությունները։
ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է, որ զանգվածային հավաքների անցկացումը պետք է համապատասխանի «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին։ Նշված օրենքի համաձայն՝ արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնության և դրանց քարոզի նպատակներով։ Իսկ հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ, կատարել կարգ ու կանոնի պահպանման վերաբերյալ ցուցումները, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն։
ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանվում է, որ հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, եթե մասնակցի արարքը զուգորդվել է բռնություն գործադրելով, կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարքի կատարմամբ, հրկիզումով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով, կամ այդ գործողությունները կազմակերպելով կամ ղեկավարելով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: