Ադրբեջանը վճռական է վերաինտեգրել ԼՂ-ում ապրող էթնիկ հայերին իբրև հավասար իրավունքներ ունեցող քաղաքացիների: Այս մասին ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Ադրբեջանի սահմանադրությունը, ազգային օրենսդրությունը, ստանձնած միջազգային պարտավորությունները դրա համար ամուր հիմք են ստեղծում»,- հայտարարել է նա:
«Վերջապես սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Ադրբեջանի կառավարության հատուկ ներկայացուցչի հասունացած հանդիպումը հայ բնակիչների ներկայացուցիչների հետ: Երկխոսությունը այս ձևաչափով կշարունակվի` կառավարության` վերաինտեգրման գծով ծրագրերի անմիջական քննարկման նպատակով, ինչպես նաև հումանիտար բեռների մատակարարման, պետական ծառայությունների մատուցման և ենթակառուցվածքների վերականգնման ու շահագործման համար»,- ասել է նա:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություններին անդրադառնալով` Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը վերահաստատում է` պատրաստ է իրական երկխոսության և բանակցությունների` միմյանց օրինական շահերի փոխադարձ և հավասար հարգանքի հիման վրա.
«Մենք նախկինի պես հաստատակամորեն համոզված ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատմական հնարավորություն ունեն հաստատելու բարիդրացիական հարաբերություններ և գոյակցել կողք կողքի` խաղաղության մեջ, ինչպես երկու ինքնիշխան պետություններ` իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններով»։
Բայրամովը նաև ընդգծել է այս գործընթացում միջազգային սուբյեկտների դերը, սուբյեկտների, որ կարող են և ցանկանում են «աջակցել Ադրբեջանին և Հայաստանին այս ձեռնարկում` արդար, անշահախնդիր և անաչառ կերպով»։